«Եթե վաղը մեկը նահանջի…». Հավերժացած լեգենդը

11:21, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտից հետո ես նայում էի Ջիվանին ինչպես կնայեի արծվի, ինչպես անխոցելի հերոսի, որին ոչինչ չի կարող պատահել եւ որը ի զորու է դուրս գալ ցանկացած իրավիճակից, շահել ցանկացած մարտ: Եվ ես առաջին անգամ իրապես հասկացա, թե ինչ է հերոսությունը, ինքնազոհաբերությունը: Այդ տղաները պատրաստ էին մի փոքրիկ գյուղի համար կյանքները տալու…

Ջիվանը թույլ չէր տալիս նկարահանել իրեն, եւ նրա այդ խնդրանքը հնչում էր որպես վերջնական որոշում: Ես միայն մեկ անգամ խախտեցի որոշումս: Դա հուլիսի 15-ին էր, երբ մենք Էրքեջի համար մղվող կռվում հայտնվեցինք շրջափակման մեջ: Եվ Ջիվան Աբրահամյանի այդ կադրերն իրապես անգին են. մահվան օրը առավոտյան, կռվից առաջ, Ջիվանն իր ձեռքով կիսեց վերջին շոկոլադն ու բաժանեց ընկերներին: Դա մի յուրատեսակ հրաժեշտ էր…»:

Ցվետանա ՊԱՍԿԱԼԵՎԱ

Նրա մշեցի արժանապատիվ նախնիները կռվել էին հայակեր թուրք-բորենիների դեմ: Բայց, արդյոք, կանցնե՞ր Երեւանում ծնված Ջիվանի մտքով, որ գալու են ժամանակներ, երբ իր քաջազուն նախնիների վարքին կդիմի նաեւ ինքը՝ խորհրդային խաղաղ երկրում հասակ առած հայորդին: Անցներ թե չանցներ, գալու էին այդ ժամանակները: Ադրբեջանցի կոչված կիսավայրենին, արնախումի իր բնազդին հավատարիմ, հայության նոր կոտորածներ էր սկսելու Բաքվում, Սումգայիթում, հայաշատ այլ շեներում: Եվ փոթորկվելու էր համայն հայությունը՝ միամտաբար արդարություն հուսալով կարմիր մոսկովներից: Բայց ինչ արդարություն: Հեռատես, բորենու գենն իմացող արիասիրտ երիտասարդները քաջ գիտակցում էին սպասվելիք արյունալի իրադարձությունները եւ իրենց հոգու խորքում հավատում միայն ազգափրկիչ զենքի ուժին:

Նրանք սակավաթիվ էին, եւ նրանցից մեկն էր Ջիվան Աբրահամյան ազգանվեր գերդաստանի ժառանգը, ով նախապես ծառայել էր Արեւելյան Գերմանիայում, ապա այն շարունակել մահվան հովտի վերածված Աֆղանստանում: Աֆղանական կռվում էլ բացահայտվելու էր նրա ռազմական շնորհը. անակնկալ հարձակումից ահաբեկված գումարտակի հրամանատարը լքելու էր մարտական գործողությունների գոտին, եւ ոտքից վիրավորում ստացած շարքային զինվոր Ջիվանն էր ինքնակամ ստանձնելու շարունակվող կռիվը՝ փրկելով իրեն եւ զինակիցներին մահվան երախից: Բացառիկ խիզախության, ցուցաբերած հերոսության արգասիքը սպայի կոչման արժանանալն ու պարգեւատրվելն էր «Արիության համար» բարձր մեդալով: Հետո վերադառնալու էր տուն՝ զբաղվելու խաղաղ շինարարությամբ, մինչեւ նորից կհնչեին ռազմի փողերը հայրենի սահմաններում:

Թշնամական ոտնձգություններն սկսվել էին: Պատերազմական փորձառությամբ զինված Ջիվանն առաջիններից էր, որ կամավորական ջակատ է ստեղծում: Դրանում ընդգրկում է նաեւ եղբորը՝ Պետրոսին: Իսկ զենք չկար: Հարազատ տունը վեր էր ածվել  զինանոցի, որտեղ նռնակներ էին պատրաստում բոլորով, անգամ՝ մայրը: Ավելին՝ վաճառում է աֆղանական պատերազմում ցուցաբերած խիզախության համար եւ որպես այդ պատերազմի վետերանի՝ պետության նվիրաբերած ավտոմեքենան, ձեռք բերում 12 ինքնաձիգ եւ իր ջոկատով մեկնում առաջնագիծ: Իսկ մինչ այդ նա նաեւ ռազմական դասընթացներ էր անցել Վրաստանում՝ ասես կանխազգացած լինելով անխուսափելի արհավիրքը:

Որքան բարի, նույնքան խստապահանջ էր հրամանատարը, որն իր ջոկատով մասնակցում է Երասխի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի ինքնապաշտպանական մարտերին:

1990-ին, երբ արդեն ստեղծվել էր Հատուկ գունդը, Ջիվան Աբրահամյանը նշանակվում է գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար: Վաշտը մարտական մկրտությունն ստանում է 1991-ի փետրվարին՝ Կոռնիձորի պաշտպանության ժամանակ: 

Զինվորական ղեկավարությունը որոշել էր կանխարգելիչ հարվածներ հասցնել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մերձակայքում ամրացված ադրբեջանական կրակակետերին, որոնք անընդմեջ գնդակոծում էին Պառավաքարը: Այդ գործողությունը վստահում են Ջիվան Աբրահամյանին, ով իր մարտիկների հետ պատվով է կատարում հանձնառությունը՝ լռեցնելով օմոնականներին: Այնուհետեւ մեկնում են Արցախ. անհրաժեշտ էր պաշտպանել վտանգված Շահումյանի շրջանի հայկական գյուղերը: «Օղակ» ռազմագործողության հետեւանքով արդեն ընկել էին Գետաշենը, Մարտունաշենը: Մյուս գյուղերը, որոնց նույն՝ հայաթափման ճակատագիրն էր սպասվում, Էրքեջը, Բուզլուխն ու Մանաշիդն էին: Մահվան աչքերին աներկյուղ նայած հրամանատարը վճիռ է կայացնում՝ թույլ չտալ թշնամուն մտնել Էրքեջ: Երեկոյան մարտից առաջ հրամանատարը շարում է տղաներին եւ ասում. «Եթե որեւէ մեկը վախենում է, թող դուրս գա շարքից, ես չեմ մեղադրի, այլապես եթե վաղը մեկը նահանջի, ես ինքս կխփեմ…»: Արդարացված էր նման խստությունը. սպասվող մարտերից էր կախված Շահումյանի ճակատագիրը, ինչպես նաեւ դավադիր «Օղակ» օպերացիան:

Թեժ էին լինելու Էրքեջի մարտերը, իսկ ուժերը խիստ անհավասար էին: Հինգժամյա շրջափակումից հետո ջոկատը դուրս է գալիս շրջափակումից՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն՝ չտալով ոչ մի զոհ: Հուլիսի վերջերին նույն սաստկությամբ մարտեր են ընթանում նաեւ Վերին Շենի մատույցներում: Ջիվանի տղաները կասեցնում են թշնամու հերթական գրոհը, եւ ոսոխը նորից նահանջում է՝ մեծաքանակ սպանվածներ թողնելով: Հաջորդ օրը թշնամին նորից է հարձակվում: Տղաները դիրքավորվում են մերձակա բարձունքներում: Ինքը՝ հրամանատարը, մարտական ընկերների՝ Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ նախընտրում է առաջնագիծը: Առաջին կրակոցն իրենն էր՝ խոցում է առաջացող չորս տանկ, հետեւակի հինգ մարտական մեքենա, գլխավերեւում պտտվող ուղղաթիռը: Թշնամու հերթական զրահամեքենան կրակն ուղղում է իրենց դիրքի վրա: Եվ… լռություն: Հանուն հայրենյաց ասպետաբար զոհվում է առինքնող հրամանատարը՝ իր երկու զինակից ընկերների հետ…

Հայաստանի Ազգային հերոսին նվիրված հրապարակումն ամփոփենք մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւայի սրտառուչ խոսքով. «Մահվան օրն առավոտյան կռվից առաջ Ջիվանն իր ձեռքով կիսեց վերջին շոկոլադն ու բաժանեց տղաներին: Դա յուրահատուկ հրաժեշտ էր… Ես ցնցված կանգնած էի Ջիվանի, Նիկոլայի եւ Վարդանի դագաղների մոտ: Այստեղ՝ նրանց առջեւ, ես ինքս ինձ խոսք տվեցի վերադառնալ Շահումյան եւ ֆիլմ նկարել, որը կնվիրեմ իրենց: Ես պահեցի իմ երդումը եւ մնացի Շահումյանում: Սպասեցի, երբ 1991-ի սեպտեմբերին հայկական ջոկատներն ազատագրեցին Էրքեջը, Մանաշիդը, Բուզլուխը եւ դուրս շպրտեցին ադրբեջանցիներին Վերին շենի բարձունքներից: Եվ միայն այդ ժամանակ համարեցի, որ Ջիվանի եւ նրա մարտիկների մասին իմ ֆիլմն ավարտին հասավ: Դա նրանց հիշատակին արժանի վերջաբան էր…»:

Վերջաբան՝ հավերժացող լեգենդի:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am