«ԻՆՆՈՊՐՈՄ»-ի շրջանակում ՌԴ վարչապետը ծանոթացել է Հայաստանի տաղավարի ցուցադրությանը

20:49, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկատերինբուրգի «ԻՆՆՈՊՐՈՄ 22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ծանոթացրել է Հայաստանի տաղավարում ներկայացված նախագծերին ու ընկերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության Տելեգրամի ալիքը:

Հայաստանի տաղավարը ներկայացված է «Armenia is a smart hub» կոնցեպտի ներքո։ Ցուցադրությունը վկայում է այն մասին, թե ինչպես Հայաստանը, որը տնտեսական և մշակութային կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև, կարող է լուծում դառնալ այսօրվա համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում։ Հայաստանը նախատեսում է Գյումրիում կառուցել առևտրային խոշոր հանգույց, որը միջազգային առևտրային շղթայի մի մաս կլինի։ Այդտեղ նախատեսված է իրականացնել ապրանքների վերամշակում և պահպանում, ինչպես նաև մաքսային հսկողություն։ Միխայիլ Միշուստինին հանգամանալից ներկայացվել են այդ նախագծերը:

Տաղավարում ներկայացված են նաև Հայաստանում մշակված էլեկտրական սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոթբուքեր, համակարգիչներ, սերվերներ և այլն։

Հայաստանում ամենախոշոր Երևանի ոսկերչական գործարանն էլ ներկայացրել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված զարդեր։

 


© 2009 ARMENPRESS.am