Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարն անդրադարձել են միջազգային տրանսպորտային նախագծերի հեռանկարներին

19:39, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, որը  Հայաստանում է մասնակցելու համար Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել որոշակի դադարից հետո Հայաստանում Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումն ու ընդգծել, որ այն լավ հնարավորություն է մի շարք ուղղություններով խթանելու երկու երկրների միջպետական հարաբերությունները, հատկապես՝ առևտրատնտեսական, առողջապահության և կրթության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։

Գրասենյակի տեղեկացմամբ՝ Համբարձում Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ է իրականացնում, նշել է, որ ակնկալում է նաև այդ խոշոր մրցույթներին հնդկական շինարարական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։

Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։


© 2009 ARMENPRESS.am