Անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն է նկատվում. ավելացել են բնակարանների առուվաճառքի և վարձակալության գները

15:46, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն է նկատվում, 2010 թվականից ի վեր այս տարվա մայիսին իրականացվել են ամենաշատ գործարքները, ավելացել է ինչպես առուվաճառքը, այնպես էլ վարձակալությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կադաստրի կոմիտեի Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանն ասաց. «Մենք վերլուծել ենք վերջին մի քանի տարիների մայիս ամիսների գործարքների քանակները: 2010 թվականից սկսած    շուկայում ամենաշատ գործարքները գրանցվել են 2022-ի մայիս ամսին՝ 17 հազար 822 գործարք: Անցյալ տարվա նկատմամբ քանակային առումով ապրիլ ամսվա համեմատ 7.1 տոկոսով աճել են ամբողջ հանրապետությունում, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ՝ 10.8 տոկոսով են աճել»:

Հակոբյանը գնողունակ պահանջարկի աճ է նկատել, մի շարք ծրագրեր խթանում են աճին, օրինակ` հիփոթեքային վարկերի դեպքում կան շահագրգռող գործիքներ:  Այսպիսով՝ շուկայում աշխուժություն է նկատվում:

Այս տարվա մայիսին իրականացվել է առուվաճառքի 5 հազար 74  գործարք, ինչը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 13.4 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ 13.1 տոկոսով: Ընդ որում, սա 2011 թվականից ի վեր մայիս ամսին գրանցված առուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է: Անշարժ գույքի 454 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները: Այս տարվա միայն մայիսին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 177 անշարժ գույք, ինչը ապրիլի համեմատ ավելացել է 7.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ ավելի քան 55 տոկոսով:

«454-ի մեջ ամենաշատը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդը՝ ԱՄՆ-ի, երրորդը՝ Իրանի քաղաքացիները: Նրանք հիմնականում ազգությամբ հայեր են»,-ասաց Հակոբյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսին Երևանում բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները ապրիլի համեմատ աճել են 1.5 տոկոսով, իսկ 2021-ի մայիսի համեմատ՝ 17.2 տոկոսով: Գների էական աճի մասին են նշում նաև անշարժ գույքի գործակալությունում: «Աղաջանյաններ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գոռ Աղաջանյանը նկատել է՝ գործարքները սկսել են ակտիվանալ փետրվարի վերջից, մարտից սկսած, երբ ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված մեծացել է այցելուների հոսքը Հայաստան:

«Այսօր բավականին ակտիվ է շուկան՝ թե բնակարաններ, թե առանձնատներ և թե կոմերցիոն տարածքներ: Նույնիսկ բիզնեսներ կային, որ գործում էին Ռուսաստանում, սանկցիաների հաշվին այսօր տեղափոխվել են Հայաստան: Եթե մի բանի պահանջարկը շատ է լինում, գներն էլ սկսում են բարձրանալ: Այսօր շատ-շատ կան թե վարձակալներ,թե պոտենցիալ գնորդներ: Հայաստանում դրա հետ կապված բավականին գնաճ է նկատվում: Գնաճ նկատվեց նույնիսկ վերջին շրջանում, երբ դոլարի կուրսը փոփոխվեց, դոլարի կուրսը փոփոխվեց, նույնիսկ այն մարդիկ, որոնց առևտուրը հետագայում լինելու էր դոլարով, գինը բարձրացրին: Ես կարծում եմ, որ հետագայում, եթե նույնիսկ դոլարի կուրսը գա իր նախկին մակարդակին, որը եղել է, մեկ է ոչ մեկ չի զանգելու ոչ մի գործակալություն և  ասի՝ մեր տան գինը 20 հազար իջեցրեք»,-ասաց Աղաջանյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մայիսին նվազել են վարձակալության գործարքները՝ կազմելով 906: Այնինչ 2021-ի մայիսի նկատմամբ 52.5 տոկոսով աճել է բնակարանների վարձակալության գործարքների քանակը՝ կազմելով 183,  իսկ 2022-ի ապրիլի համեմատ աճը կազմել է 7.6 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, այս դեպքում իրական թվերը չի արտացոլում, քանի որ վարձակալության պայմանագրի չգրանցումը հետևանք չի առաջացնում, շատերը դրանք չեն գրանցում՝ հարկերից խուսափելու համար: Անշարժ գույքի գործակալությունում վարձակալության գործարքների էական աճ են  նկատում, ընդ որում վարձակալների թվում շատ մեծ մաս են կազմում օտարերկրյա քաղաքացիները: Գործակալությունում նաև մեկ այլ միտում են նկատել՝ մարդիկ հանում են իրենց 1-2 տարվա վարձակալին ու սկսում նոր վարձակալ փնտրել՝ ավելի բարձր գնով: «Այն տունը, որ տալիս էին 500 դոլար, տալիս են 1000 դոլար: Տեղեր կան, որ նույնիսկ 500-ը դարձել է 1200-1300 դոլար, միջինը 50 տոկոսով բարձրացել է վարձակալությունը»,-ասաց Աղաջանյանը:

Լրագրող՝ Աննա Գրիգորյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Մոնտաժող՝ Վահագն Գալստյան

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am