Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը

18:40, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը, վարակակիրը միջին տարիքի տղամարդ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  The Reykjavík Grapevine-ը:

Ի տարբերություն երկրում գրանցված նախորդ 3 դեպքերի՝ այս դեպքում տղամարդը վերջին շրջանում ճամփորդական պատմություն չունի, այսինքն՝ նա հավանաբար վարակվել է անհայտ վարակակրից:

Կապկի ծաղկի դեմ պատվաստանյութը դեռևս չի հասել Իսլանդիա:

Մայիսի սկզբից ի վեր, երբ կապկի ծաղիկն սկսեց տարածվել ոչ էնդեմիկ երկրներում, աշխարհում գրանցվել է 4780 դեպք: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում:

 


© 2009 ARMENPRESS.am