Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու ու զրկվելու են մանդատներից. ԱԺ նախագահն՝ ընդդիմության մասին

15:05, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունն ինչ գործողություն արել է՝ արել է ի վնաս իրենց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին: Սիմոնյանի խոսքով՝ քննարկումներ եղել են նաև պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու մասին, սակայն կարծիքները կիսվել են:

«Մեր գործընկերների մի մասը համարում է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատից զրկվել են: Ի վերջո, քաղաքական գործչի ուժն ինչո՞ւմն է՝ իր խոսքի, իր գործողությունների, իր անցած ճանապարհի մեջ: Իրենք դուրս են եկել փողոց, ասել են, որ այլևս իշխանությունն այստեղ է, բայց հիմա գալու են խելոք այստեղ (Ազգային ժողովի դահլիճ- խմբ.) նստեն և քվեարկեն, կա՛մ չեն գալու նստեն: Դա արդեն օրենքը կորոշի, կամ քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու ու զրկվելու են մանդատներից: Մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ են: Իսկ եթե ավելի ազնիվ լինենք, ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի քայլը, ով ասեց, որ չի վերադառնալու և դրեց մանդատը: Իշխան Սաղաթելյանը չպետք է հարցազրույց տա ու հայտարարի՝ մենք գնում ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի, որ քաղաքական գործընթաց է սկսել, ընդունել է իր պարտությունը, հիմա  դնում է իր մանդատը: Դա քաղաքական գործչի քայլ է»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանն արձագանքեց. «Ինչու Իշխան Սաղաթելյանն ընդդիմության առաջնո՞րդն էր. Սերժ Սարգսյանն անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց (նշանակեց-խմբ.), այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին զոհասեղանին»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ քաղաքական դրդապատճառներո՞վ են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին, Սիմոնյանն ասաց թե նրանց զրկել են ԱԺ նիստերից բացակայությունների և իրենց խոսելաձևի համար.

«Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին, ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են: Վահե Հակոբյանը բացասական անցած ճանապարհ ունի, ու այնպես չի, որ այնպիսի մի հռետոր է, որ խոսում է՝ մարդիկ սկսում են իրեն կրկնել, Իշխան Սաղաթելյանն էլ ներդաշնակցական կռվի զոհ է։ Իրենք ինչ արել են՝ արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»,- եզրափակեց Սաղաթելյանը:

 


© 2009 ARMENPRESS.am