Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

19:04, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Լիոնի մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, համաժողովին մասնակցելու նպատակով Լիոն են այցելել նաև պատվիրակություններ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից:

Նշվում է, որ գումարվող երկօրյա նիստերի ու սեմինարների շրջանակում քննարկումներ կծավալվեն «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կնախանշվեն ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները: Երևանյան պատվիրակության անդամները կմասնակցեն «Խելացի և կայուն քաղաքներ» աշխատախմբի կլոր սեղան-քննարկմանը:


© 2009 ARMENPRESS.am