Աննա Հակոբյանը Մոնակոյում  հանդիպել է  մանկական երկու հիմնադրամների ղեկավարների

21:25, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից,  Իլս Բերտելսին, ընդունելով  Աննա Հակոբյանին,  ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով ՝  հաշմանդամություն ունեցող  և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

«Վարչապետի տիկինը ներկայացրել է իր  կողմից ստեղծված հիմնադրամների  կատարած աշխատանքները։  Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են,  որ  երկու հիմնադրամների գործունեությունները ունեն շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ 

Վարչապետի տիկինը  «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեցին հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը մանրամասն համատեղ ծրագրերի վերաբերյալ, ապա տիկինը սեպտեմբերին ամսին  հրավիրել արդեն Հայաստանում քննարկելու և առարկայականացնելու հնարավոր ծրագրերը: Հրավերը սիրով ընդունվել է Իլս Բերտելսի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինը Մոնակոյում հանդիպել է նաև «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Ժերոմ Ֆրուասարին, ով Աննա Հակոբյանին ծանոթացրել է կազմակերպության գործունեության մանրամասներին։ Նրա խոսքով՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պատվավոր  նախագահությամբ գործող հիմնադրամը  տարեկան աջակցություն է տրամադրում շուրջ 40 հազար երեխաների, որպեսզի նրանք անկախ իրենց սոցիալական, կրոնական կամ մշակութային ծագումից, կարողանան ապրել ապահով և արժանապատվորեն։  Վարչապետի տիկինը իր հերթին հիմնադրամի նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» և «City of Smile» հիմնադրամների գործունեությունը։  Աննա Հակոբյանը և Ժերոմ Ֆրուասարը քննարկել են   հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել են սկսել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթները և հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

 


© 2009 ARMENPRESS.am