Պատմության հետագծով

08:45, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1825 թ. հունիսի 29-ին ծնվել է Գաբրիել Սունդուկյանը՝ հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։ Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ եւ տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաեւ դրության եւ խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլեւ հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ.Թումանյանը նրան՝ որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու», դրել է Սայաթ-Նովայի կողքին։

-1839 թ. հունիսի 29-ին մահացել է Համբարձում Լիմոնջյանը՝ հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը (ծնվ.՝ 1768 թ.):

-1888 թ. հունիսի 29-ին Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան։

-1900 թ. հունիսի 29-ին ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ ֆրանսիացի գրող, բանաստեղծ եւ պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաեւ հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ եւ արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»։

-1974 թ. հունիսի 29-ին Իզաբել Պերոնը դարձավ Արգենտինայի առաջին կին նախագահը։

-1999 թ. հունիսի 29-ին մահացել է Գարեգին Ա Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը (ծնվ.՝ 1932 թ.):

 

Հետաքրքրական է

Անմոռուկ (լատ.՝ Myosotis), մկնականջ՝ գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ։

Եվրոպական եւ որոշ նորեվրոպական լեզուներում անմոռուկներն ունեն միանման իմաստն արտահայտող անվանումներ, օրինակ՝ հայերեն՝ անմոռուկ (anmoruk), ռումիներեն՝ nu-mă-uita, անգլ.՝ forget-me-not, գերմ.՝ Vergissmeinnicht, լեհ.՝ Niezapominajki, դան.՝ Forglem-mig-ej, հոլ.՝ vergeet-mij-nietje, իսպ.՝ nomeolvides, ֆր.՝ ne m՚oubliez pas, թուրքերեն՝ Unutma beni, էսպերանտո՝ neforgesumino,  բուլղար.՝ незабравка։

Ըստ գերմանական լեգենդի՝ երբ Աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, ասում է Աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկները ներկված այդքան բաց երկնագույնով։

Ա. Հ.


© 2009 ARMENPRESS.am