ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

18:09, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը:

«Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:


© 2009 ARMENPRESS.am