ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ

13:56, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկություններից հետո արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր: Լիզա Գրիգորյանն ու Կարեն Թումանյանը չէին ստացել ոչ մի «կողմ» ձայն, Լիպարիտ Մելիքջանյանը ստացել էր 68 «կողմ» ձայն:

Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ  քվեարկել էին Գևորգ Գյոզալյանի օգտին:

Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի, Աղասի Մկոյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորները «կողմ» են քվեարկել Արթուր Դավթյանին:


© 2009 ARMENPRESS.am