Մարտունու յայլաղում ձնահյուսից փլվել է քաղաքի բնակչի տունը եւ անասնագոմը

13:31, 28 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա ձյան առատ տեղումների հետևանքով ձնահյուսից ամբողջությամբ փլվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Կամո Ավդալյանին պատկանող տունը, որը գտնվում է ամառային արոտավայրում՝ Մթնաձորում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կամո Ավդալյանը, փլուզումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, երբ տան եւ անասնագոմի վրա ահռելի շերտով ձյուն է կիտված եղել, իսկ մայիսի ձնհալի ժամանակ ջրերը քշել են ծածկի կտուրն ու գերանները, փայտե սյուները, շիֆերի մի մասն էլ շպրտել գետի հանդիպակաց ափ։

«Ապրիլի 20-ից, երբ գնացի յայլաղ, արդեն ինձ համար պարզ էր, որ պետք է մի ուրիշ ազատ տուն ու գոմ գտնեմ՝ անասուններն արոտավայր տանելու համար։ Կնոջս ու երեխաներիս հետ խնամում եմ 17 գլուխ խոշոր, 15 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Իմ մեծ տղան՝ Հենրիկ Ավդալյանը, Արցախյան վերջին պատերազմի մասնակից է, մարտնչել է Ջրականում, իսկ փոքր տղաս՝ Համիկ Ավդալյանը շուտով մեկնելու է բանակ։ Մեր անասունները հիմա տեղավորել ենք յայլաղատեղի՝ ուրիշին պատկանող գոմում, իսկ մենք ուզում ենք նոր տուն ու անասնագոմ կառուցել, որի համար ակնկալում ենք պետական օժանդակություն։ Ի դեպ, այս տարի ստիպված եմ եղել 500 հազար դրամի անասնակեր գնել, որպեսզի կարողանամ պաշտպանել ու արոտ հանել անասնագլխաքանակը։ Դիմել եմ Մարտունու համայնքապետարան եւ սպասում եմ պատասխանի»,- նշեց Կամո Ավդալյանը։

Խոսրով Խլղաթյան    


© 2009 ARMENPRESS.am