Մտահոգիչ է. Փաշինյանն անդրադարձավ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը

23:51, 27 Հունիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ (լիազորությունները դադարեցվել են) Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ այդ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, և համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու արատավոր պրակտիկան շարունակվում է՝ Փաշինյանը պատասխանեց, որ կարծում է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ջհանգիրյանը ՔՊ խմբակցության կողմից է ընտրվել ԲԽԴ անդամ՝ նա ընդգծեց. «Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ: Ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան: Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, այստեղ իրական հաջողություններ չունենք: Անկախ դատական համակարգը մեր իդելան է, մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի: Ընդ որում տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ ազնիվ, անկեղծ դատավորներ: Բայց դուք գիտե՞ք, որ դատական համակարգում խմբավորումներ, կլաններ, հովանավորություններ կան: Կամ նույն Ռուբեն Վարդազարյա՞նը չէր 2019 թվականին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի, որ ինքը հրաժարական տա, ինքը կտա, հետո կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:
Նա ընդգծեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ: «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց՝ չկա այնպիսի երկիր, որտեղ մեկ գործողությամբ դատական համակարգում փոփոխություններ են եղել, այսօր ԵՄ անդամ երկրներ կան, որտեղ դատական համակարգի էպոպեան տասնամյակից ավելի տևում է: «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունն էլ կա, կարծում եմ՝ այն պատշաճ քննության կարժանանա»,-ասաց նա:
Թե արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է, նա կրկնեց՝ կարծում է:
2022թ. հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (այդ ժամանակ լիազորությունները կասեցված) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում, ենթադրաբար, լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։ Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։

© 2009 ARMENPRESS.am