Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը խոչընդոտում է գործընթացներին. Փաշինյանը՝ հայ-թուրքական կարգավորման մասին

21:54, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. գործընթացներին խոչընդոտում է նաև Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն հայկական կողմը հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնում է և անկեղծորեն տրամադրված է այդ ուղղությամբ ամեն ինչ անելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով հարցին, թե կան արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություններ՝ վարչապետը պատասխանեց. «Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, նշանակում է, որ առնվազն որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է՝ քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք հաճախ ասում ենք, որ խոսակցությունն արդյունավետ չի, դեռ արդյունքներ չի տվել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ուղիղ չվերթներն, օրինակ, վերականգնվել են: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նախկինում ևս եղել է, որ ուղիղ չվերթ է իրականացվել Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան: Եվ մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»:

Վարչապետը ճիշտ չհամարեց նախապես հայտարարություններ անելը, եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ փոքր քայլերով հնարավոր է առաջ գնալ: «Նախկինում թուղթ է ստորագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցեր, շփումներ են եղել, բայց արդյունքում չի լուծվել խնդիրը: Ֆունդամենտալ պատճառը, որ այն ժամանակ չի լուծվել, այն է եղել, որ չնայած ի սկզբանե ստորագրված փաստաթղթի մեջ չի եղել կապակցվածություն՝ ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց վավերացման փուլում Թուրքիան դա կապել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխության հետ և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք հիմա էլ է Թուրքիան կապում՝ Փաշինյանը պատասխանեց. «Հրապարակային հայտարարություններով կարող ենք տեսնել առնվազն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ խորհրդակցությունների, նույնիսկ, կարող ենք ասել, ճշտումների մեջ են այս հարցով: Առնվազն այսքանով կարելի է նկատել, որ կապ կա: Թե այդ կապը այսօրվա իրավիճակով որքա՞նով է ամուր և խորը, կարծում եմ՝ հընթացս կերևա»:

Փաշինյանն իր վարկածն ունի, սակայն դա չի հնչեցնում՝ բուն գործընթացին չխանգարելու համար: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք անկեղծորեն պետք է ամեն ինչ անենք: Հակառակ դեպքում, իմաստ չէր ունենա խոսակցությունը: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու համար: Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են պրոցեսներին, բացասական ֆոն են ստեղծում: Հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն գործընթացի համար»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ  դա, սակայն, չի նշանակում, թե հայկական կողմն այդ հայտարարություններից հետո  դադարեցնելու է երկխոսությունը:


© 2009 ARMENPRESS.am