Մուշավան թաղամասի մոտ ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

15:44, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 08։38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


© 2009 ARMENPRESS.am