Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին
13:28, 26 Հունիս, 2022ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 02։25-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաք տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:
© 2009 ARMENPRESS.am