Այս փուլում հնարավորինս նվազագույն կլինի տնտեսավարողների բեռը.ԿԲ նախագահը՝ անկանխիկ վճարումների և POS տերմինալների մասին

14:22, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կանխիկի շրջանառության կրճատման նախագծին ընդառաջ պետությունը բանկերի հետ եկել է փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսավարողների բեռը, այսինքն՝ այն վճարը, որը պետք է կատարեն POS տերմինալի հնարավորություն ունենալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կառավարության նիստում՝ պատասխանելով վարչապետ Փաշինյանի հարցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը՝ այն համարելով կառավարության կարևորագույն փաթեթներից մեկը: Նա խնդրեց համապատասխան պաշտոնյաներին տեղեկացնել, թե որքանով են պատրաստ այդ անցմանը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ինչը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, նաև որոշակի ծառայությունների մասով՝ բացառապես անկանխիկ վճարումների իրականացում:

Գալստյանը շեշտեց. «Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք փոխանցվում են միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն: Ժամկետների վերանայման հետ կապված հավելյալ կտեղեկացնենք»:

Բուժհաստատությունների դեպքում բացառապես բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Այսպիսով, մարդը կարող է գնալ բուժհաստատություն, այնտեղ առկա տերմինալով կանխիկ վճարում կատարել, և գումարը կփոխանցվի բուժհաստատության բանկային հաշվին: Այս փուլում պետությունն այդ տիպի գործարքները ևս համարում է անկանխիկ գործառնություն: «Հետագայում, եթե տեսնենք, որ հնարավորություններն ընդլայնվում են, և մարդիկ արդեն ընտելացել են անկանխիկ, քարտային վճարումներին, այդ հարցը ևս կվերանայենք»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով POS տերմինալներին և ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին՝ նա նշեց. «Մեծ հաշվով հարցը լուծված է այս պարագայում, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսավարողների բեռը, որ տնտեսավարողները պետք է վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց: Օրինակ՝ գյուղական վայրերի դեպքում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսավարողը տերմինալ, ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին վճարելու է ամսական ընդամենը 1000 դրամ, Երևանում՝ բնականաբար ավելի բարձր»:

Կան մոտ 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց POS տերմինալի հնարավորությունը պետք է ակտիվացվի: ԿԲ նախագահը վստահեցրեց, որ իրենք դա հնարավորինս արագ տեմպերով կիրականացնեն: Հարկ վճարողներն, այսպիսով, պետք է դիմեն առևտրային բանկեր և կամ ձեռք բերեն POS տերմինալներ, կամ իրենց ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնեն POS տերմինալ ֆունկցիան: Նախատեսվում է հետագայում նաև հնարավորություն տալ՝ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել POS տերմինալներն ակտիվացնելու համար:

Վարչապետը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից նաև անշարժ գույքի և ավտոմեքենաների վաճառքը հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկ եղանակով: Նա Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ են, արդյոք, կարգավորումների մասով:

Նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ ԱՁ-ները և նոտարները, փաստաբանները պարտավոր են լինելու կիրառել անկանխիկ գործառույթների օրենսդրությունը: «Եթե ֆիզիկական անձինք չպահպանեն օրենսդրությունը, կտուգանվեն 100 հազար դրամով, մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամով: Եթե քաղաքացին ցանկանա անկանխիկ վճարում անել, և տնտեսավարողը չունենա սարքավորումը, ապա կտուգանվի 300 հազար դրամով, իսկ, եթե 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ նման բան բացահայտվի, ապա՝ 400 հազար դրամով»,- ասաց նախարարը:

Եթե գործարքի գոնե մի կողմը ոչ ֆիզիկական անձ է, ապա անպայման պետք է գործարքը լինի անկանխիկ: Քարտով վճարման դեպքում միջնորդավճար չի գանձվում:

«Սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է, որն ունի և´ տնտեսական, և´ քաղաքակրթական, և´ հակակոռուպցիոն էական նշանակություն: Ստվերի կրճատման առումով էլ այն շատ մեծ նշանակություն ունի: Շատ կարևոր է, որ մենք այս բարեփոխումներն անենք»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Զուգահեռաբար ուժի մեջ է մտնում թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների 10 տոկոսի չափով հետվճար կատարելու կարգավորումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ բոլոր հնարավոր տարբերակներով փորձել են քաղաքացիներին տեղեկացնել, որ մինչև հուլիսի 1-ը հնարավորություն ունեն միանալ այն բանկերին (Արդշինբանկ, ՎՏԲ, Հայբիզնեսբանկ), որոնք համարվում են այդ միջոցառման գործընկեր բանկեր: Հնարավոր է միանալ այդ բանկերին նաև հուլիսի 1-ից հետո: Ավելացվել է նաև հնարավորություն՝ մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով կոմունալ վճարները կատարելու դեպքում հետվճարի հնարավորությունը:


© 2009 ARMENPRESS.am