ԱՄՆ ՄԶԳ-ն 120 մլն դոլարի ներդրում կկատարի Հայաստանում

13:09, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

«ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 000 000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ. 68 565 000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման, 51 435 000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի բարեփոխումներում: Փաստաթղթով նախատեսված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական ու քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունների ամրապնդմանը:

Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ և գործող համակարգեր, կաջակցի ներառական և տնտեսական ռազմավարությունների իրականացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, սպասվում է 120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության, ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am