Նոր ինտերակտիվ քարտեզը աշակերտներին հնարավորություն կտա տեսնել պատմության հետաքրքիր դեմքերն ու դեպքերը՝ տարածության ու ժամանակի մեջ

10:30, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ինտերակտիվ քարտեզի շնորհիվ ուսուցիչների ու աշակերտների համար դպրոցներում կներդրվի դասը վիզուալիզացնող ինտերակտիվ կրթական գործիք՝ օգտագործելով նոր տեխնոլոգիական լուծումներ և ուսուցման հնարավորություններ: Այստեղ համատեղվել են և՛ գիտական միտքը, և՛ 21-րդ դարի հասանելի տեխնիկական հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝  «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի բովանդակության, հաղորդակցության, միջոցառումների պատասխանատու Արևիկ Ավետիսյանը նշեց, որ կրթական հարթակն իրենից առաջին հերթին ներկայացնում է «Աշխարհացույց․ինտերակտիվ քարտեզ» ծրագիրը, որն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման ինտերակտիվություն և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված համապատասխան գործիքակազմով, պատմության հետաքրքիր դրվագներով, ֆիլտրերով, որոնողական համակարգով և այլն:

«Մենք առարկաների սահմանափակում չենք ունենալու, ուղղակի ծրագիրը պիլոտային է, այժմ աշխատում ենք տեխնիկական և բովանդակային հնարավորությունների զարգացման ուղղությամբ: Ծրագրում այժմ ներառված է միայն «Հայոց պատմություն» առարկան՝ 6-րդ դասարանի հայոց պատմության ու համաշխարհային պատմության դասագրքերի նյութով»,- ասաց նա:

Արևիկ Ավետիսյանն ընդգծեց, որ այն պատմական ցանկացած իրադարձություն կամ անուն կապում է տարածության ու ժամանակի հետ՝ հնարավորություն տալով դասավանդողին իր խոսքն առավել պատկերավոր ու հանրամատչելի մատուցել աշակերտներին։

«Այս պահի դրությամբ ինտերակտիվ հարթակը ստեղծված է դասագրքի հիման վրա, որպեսզի ուսուցչի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չընկնի: Օրինակ, եթե անհրաժեշտ է Վանի թագավորությունը, նա  ընտրում է դասը և մտնելով համակարգի այդ բաժին, տեսնում է այդ դասին համապատասխանող բոլոր դեմքերը իրադարձությունները, թվականները և նաև այդ ժամանակին համահունչ համաշխարհային իրադարձությունները:

Ապրիլ-մայիս ամիսներին որոշ դպրոցներում փորձարկումներ իրականացրել ենք և մի շարք տնօրեններ գնահատել են ծրագրի արժեքը, դպրոցները վերազինել են տեխնիկապես և պատրաստ են գնալ նորարարությունների և համագործակցությունների»,- ասաց նա:

Մասնագետը հավելեց, որ համագործակցության և գործընկերության շնորհիվ փոքր քայլերով փորձում են գնալ առաջ և ապագայում նախատեսում են ընդլայնել քարտեզի հնարավորությունները՝ ներառելով այլ ժամանակաշրջաններ և առարկաներ: Շատ ոգևորող է այն, որ ծրագիրը ստեղծվել է հայկական միջավայրում և նպաստելու է ազգային կրթությանը հզորացմանը: Սեպտեմբերին արդեն 6-րդ դասարանի Հայոց պատմության ամբողջ նյութը կլինի համակարգում

«Ուսուցիչների հետ մշտական կապի մեջ ենք և մինչև ուսումնական տարվա սկիզբ մի քանի սեմինարներ ենք իրականացնելու, որպեսզի ծանոթանան Աշխարհացույց ծրագրին, ինտերակտիվ քարտեզին և դրա կիրառմանը:

Ինտերակտիվ քարտեզը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև հատուկ կարիքավոր՝ ինչպես տեսողական, այնպես էլ լսողական խնդիրներով երեխաների համար, որովհետև մենք ունենալու ենք նաև ձայնային տարբերակ, տեսահամակարգ, ամեն ինչ արված է, որ լինի բոլորին հասանելի:

Ցանկացած ոլորտի թերությունը գալիս է կրթությունից, պետք է այնտեղ շատ ամուր հիմք դրվի, և կարծում ենք արդյունքը շատ արագ կերևա, որովհետև ունենք շատ ընդունակ, խելացի սերունդ և շատ պատրաստակամ ուսուցիչներ, որոնք պատրաստ են ընդունելու և յուրացնելու յուրաքանչյուր նորարարություն՝ ինչը կնպաստի որակյալ կրթություն ապահովելուն»,- ասաց Արևիկ Ավետիսյանը:

Ամփոփելով՝ մասնագետն ընդգծեց, որ կրթական գործիքն ուսուցիչների շրջանում կնպաստի դասավանդման որակի բարձրացմանը, աշակերտների հետ ավելի արդյունավետ և ժամանակին համահունչ տեխնոլոգիական մեթոդներով հաղորդակցությանը, ուսուցչի կարողությունների լիարժեք իրացմանը, դասավանդվող առարկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսուցչի դերի ու հեղինակության բարձրացմանը, տեխնոլոգիական գիտելիքների կուտակմանն ու հմտացմանը, ինչպես նաև ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


© 2009 ARMENPRESS.am