Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

11:51, 18 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջում Տիգրան Ավինյանը գրել է, որ  համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը:  Կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքի նախաձեռնած տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մետրոպոլիտենի զարգացումն առանձնակի նշանակություն ունի:

Մայիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն էր տվել մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն. դրամ հատկանելու որոշման նախագծին:


© 2009 ARMENPRESS.am