Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է՝ համաձայն խաղաղության համաշխարհային ինդեքսի

10:55, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է  «Global Peace Index» 2022թ.-ի ռեյտինգը, որում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը:

Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում  95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը:

Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը:

Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան: Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Սինգապուրը Ճապոնիան: Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը:

Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP):

Ինդեքսում ներկայացված է խաղաղության ուղղությամբ  հիմնական տենդենցների ամբողջական վերլուծությունը, դրա տնտեսական արժեքները և խաղաղ հասարակությունների զարգացման մեթոդները: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99.7 տոկոսը:  Ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներքին և միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am