Հայաստանն ու Իտալիան սերտացնում են կապերը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում

18:51, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։

«Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգի ներդրմանը՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ մոդելի կիրառմամբ հնարավոր կլինի ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանի վերլուծել վերջիններիս գործունեության սահմանափակումները։

Այս համատեքստում նախարարն առաջնահերթ է համարել նաև անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց կարիքներին համապատասխան թիրախային ծառայությունների տրամադրման և բարելավման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Էրիկա Ստեֆանին ներկայացրել է Իտալիայի կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող ծրագրերը։

Կողմերը խոսել են նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից բխող միջոցառումների, դրանց կարևորության մասին՝ պատրաստակամություն հայտնելով միավորել ջանքերն այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջնախարարական հուշագրի ստորագրման հնարավորությունը։   


© 2009 ARMENPRESS.am