Վարչապետը Կատարի գործարար ասոցիացիայի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

12:57, 14 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար ասոցիացիայի անդամներին` նախագահի առաջին տեղակալ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Գործարար ասոցիացիայի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար ասոցիացիային ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր: 

 

 


© 2009 ARMENPRESS.am