Արցախի ազգային ժողովի նախագահը մեկնել է Ֆրանսիա

16:19, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հունիսի 13-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ազգային ժողովից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտությանը:

ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:

Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:

ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական  քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո:


© 2009 ARMENPRESS.am