Բարեկամությունը պարտավորեցնում է խորացնել մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ-Հունաստան փոխգործակցությունը. Խարդալիաս

20:39, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:  

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները:  

 


© 2009 ARMENPRESS.am