Եղեգնաձորում երեք ավտոմեքենայի բախումից հետո հրդեհ է բռնկվել, մեկ ուղևոր հոսպիտալացվել է

12:18, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 21։29-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Ա. Ե.), «VAZ-2107» (վարորդ` Ռ. Հ., ծնված 1958 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:01-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։

 


© 2009 ARMENPRESS.am