Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին
11:06, 29 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 16։23-ին ահազանգ է ստացել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Մայիսի 29-ին, ժամը 06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ժամը 07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ մոտ 2 կմ շտապօգնության ավտոմեքենային։
© 2009 ARMENPRESS.am