Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

20:45, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 27-ին, ժամը 15։43-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Գյուլագարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։


© 2009 ARMENPRESS.am