Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտական հանդիսավոր արարողություն է կայացել

18:28, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 27-ին անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու կապակցությամբ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։ Շրջանավարտների շարքում նաև երկու աղջիկներ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։

«Գեղամ Սարգսյանը և վարժարանի ուսուցչական կազմը շրջանավարտներին հորդորել են մշտապես բարձր պահել մոնթեականի կոչումը, հասնել նորանոր բարձունքների, պատվով ու նվիրումով ծառայել հայրենիքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած սաները պարգևատրվել են նվերներով, շնորհակալագրերով և անվանական մրցանակներով:


© 2009 ARMENPRESS.am