Գյումրիում անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ»

15:46, 27 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Եվրոպական Միության EU4Youth-SEED ծրագրի աջակցությամբ Գյումրիի Աբովյան ճեմափողոցում, մայիսի 27-ին անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ»:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, տոնավաճառը կազմակերպվեց «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում, «Կանաչ արահետ» ՀԿ-ի՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի աջակցությամբ:

«Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Շիրակի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների, աշխատանք փնտրող անձանց միջև՝ նրանց հնարավորություն ընձեռելով ինքնակենսագրականները թողնել իրենց նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը՝ հավելելով, որ աշխատանքի տոնավաճառին մասնակցեց 40 կազմակերպություն՝ ներկայացնելով  մոտ  600 թափուր աշխատատեղեր:

Նախատեսվում է, որ տոնավաճառ կայցելեն աշխատանք փնտրողներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Youth-SEED ծրագրի հիմնական նպատակն է բարենպաստ էկոհամակարգ ստեղծել Հայաստանի սահմանամերձ (Լոռի, Տավուշ, Շիրակ) և Վրաստանի (Գորի, Ախմետա, Նինոծմինդա) շրջաններում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության զարգացման համար։


© 2009 ARMENPRESS.am