Հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը արդյունավետ համագործակցություն կստեղծի երկու երկրների միջև

14:08, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովն արդյունավետ եւ կայուն համագործակցության հիմքը կդնի Հայաստանի եւ Իրանի ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների եւ ոլորտի պատասխանատուների միջեւ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման խոսքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ գյուղատնտեսությունը և անասնաբուծությունը երկու երկրների ռազմավարական ուղղություններից են:

«Հայաստանն ու Իրանը օրգանիկ սննդի ուղղությամբ կարող են սերտ համագործակցություն ունենալ միմյանց հետ: Համոզված եմ, որ երկու երկրների թե համալսարանական, թե աշխատող ոլորտների կապերի միջոցով կկարողանանք մեծ արդյունքներ գրանցել միասին: Կարևոր է, որ երկուստեք ունենանք ինֆորմացիայի բազա, որը հասանելի կլինի բոլորի, իսկ դրա համար լավագույն հարթակը համալսարանն է»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ մենք կարող ենք հետագայում կարճաժամկետ դասընթացներ, վերապատրաստումներ կազմակերպել երկու երկրների ուսանողների համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը, որը պայմանավորված է փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

«Այսօրվա խորհրդաժողովը շատ կարևոր է երկու պետությունների միջև համագործակցության հետագա ընդլայնման, գործարար կապերի խորացման համար»,-ասաց նա՝հույս հայտնելով, որ խորհրդաժողովի արդյունքում փոխշահավետ համագործակցություն կստեղծվի երկու երկրների միջև:


© 2009 ARMENPRESS.am