«…Եվ մարդիկ սկսեցին որոնել Հայաստանի ներկայացուցիչներին»։ Միշտ գեղեցկատես, միշտ արտիստիկ մեծի ափսոսանքը

09:15, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1987 թվականին՝ մայիսյան մի երեկո, Սերգեյ Փարաջանովի թիֆլիսյան տանը մեծ խնջույք էր կազմակերպվել՝ թատերային շուքով ու մեծ հանդիսավորությամբ: Կենացների ու զրույցների ամենաթեժ պահին ռեժիսորը պահարանից հանում է մի թիկնոց, որը բանտարկման տարիներին նա կարել էր մեկ այլ հայտնի ռեժիսորի՝ Ֆեդերիկո Ֆելինիի համար՝ ի նշան մեծ վարպետի արվեստի գնահատման: Հարցին, թե ինչ է խորհրդանշում այդ թիկնոցը, Փարաջանովն ի պատասխան՝ հանդիսավորությամբ այն գցում է խնջույքին ներկա բարեկամներից մեկի ուսերին եւ խմում նրա կենացը՝ նման քայլով հասկացնելով բոլորին, որ մեծարում է իր ժամանակի ռեժիսորներից մեկին՝ Ֆրունզե Դովլաթյանին, որի 60-ամյակի առիթով էլ Փարաջանովը կազմակերպել էր այդ խնջույքը…

Մեծերն այսպես են մեծարում մեծերին:

Ֆրունզե Դովլաթյան. մեծանուն ռեժիսոր, ով հայ կինոարվեստին ընծայեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Երեւանյան օրերի խրոնիկա», «Կարոտ»: Ֆիլմեր, որոնք իրենց հետքն են թողել հայկական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, առանձնացել ինքնատիպ ձեռագրով, երազի ու իրականության միաձուլումով, գլխավոր հերոսի ճակատագրով:

Բայց գանք տարիների հեռվից՝ խոսքը տալով տաղանդավոր արձակագիր, կինոսցենարիստ Աղասի Այվազյանին. «Մոսկվայի մոտակայքում կայացող կինոստեղծագործական մի հավաքում Հայաստանից մենք երկուսս էինք եւ, որպես «Հայֆիլմի» ներկայացուցիչներ, հետաքրքրություն չէինք առաջացնում: Պատճառը թերեւս այն էր, որ այդ ժամանակվա մեր կինոարտադրությունը ստեղծագործական որեւէ լուրջ բան չէր խոստանում: Եվ ռեժիսոր ընկերս ու ես մեր համեստ անձերը նույնացնում էինք նույնքան համեստ «Հայֆիլմի» հետ: Եվ ստացվեց նաեւ այնպես, որ բազմաթիվ լավ, թարմ դիտումներից ու քննարկումներից հետո մի օր ցուցադրվեց հայկական նոր ժապավեն: Ֆիլմն ընդունվեց ծափահարություններով, եւ մարդիկ սկսեցին որոնել Հայաստանի ներկայացուցիչներին ու առաջին անգամ լրջորեն տեսան մեզ՝ հայֆիլմցիներիս: Նրանք հարցնում էին կինոնկարի, նրա բեմադրող ռեժիսորի, հայկական կինոյում սպասվող տեղաշարժերի մասին: Եվ մենք վայելում էինք կինոնկարի հաջողությունն ու ընդհատակից դուրս բերեցինք մեր հպարտությունը: Մենք ունեինք ֆիլմ. կինոյի այդ բուռն վերելքի ժամանակ մենք ներկայացնում էինք լուրջ ստեղծագործություն: Դա «Բարեւ, ես եմ» ֆիլմն էր, բեմադրողը՝ ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը»:

Իսկ մինչ այդ նա խաղացել էր հայկական մի քանի ֆիլմերում, մոսկովյան կինոինստիտուտն ավարտելուց հետո, երեք կարճամետրաժից բացի, Մոսկվայում բեմադրել է երկու լիամետրաճ կինոնկար՝ Լեւ Միրսկիի հետ՝ «Դիմա Գորինի կարիերան» եւ «Առավոտյան գնացքները»:  Ի դեպ, Դովլաթյանի՝ մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսուրայի բաժնում ուսումնառությունը հիրավի հիշարժան է. նրա կուրսային աշխատանքը՝ «Մեր քաղաքի առավոտը» խորագրով, ներկայացվելով Վիեննայի փառատոնին, արժանանում է առաջին մրցանակի, իսկ հետագայում՝ 1966 թվականին, մասնակցում է Կաննի միջազգային փառատոնին՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմով, փառատոն, որի ժյուրիի նախագահը աշխարհահռչակ Սոֆի Լորենն էր:

Մեծավաստակ ռեժիսորն արվեստագետի իր ճանապարհն սկսել է որպես կինոդերասան. 1944-ին նկարահանվել է «Դավիթ Բեկ»-ում՝ Մանսուր, այնուհետեւ «Անահիտ»-ում՝ Վաչագան, «Ինչու է աղմկում գետը»՝ Մանուկյան, Հայկ՝ «Սարոյան եղբայրներ», Ասլանյան՝ «Օտար խաղեր»: Ֆիլմեր, որոնցից մի քանիսի ռեժիսորն է ինքը: Ֆիլմեր, որոնցում արծարծում է հասարակական, բարոյաէթիկական խնդիրներ, բացահայտում հերոսների հոգեբանական բարդ իրավիճակները:

«Դովլաթյանն այն կինոբեմադրիչներից է,- գրել է հայ եւ ռուսական կինոյի փառքերից մեկը՝ Արմեն Ջիգարխանյանը,- որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում: Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է եւ՛ պատմական, եւ՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ: Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարեւ, ես եմ» ֆիլմից»:

Իսկ հայ կինոռեժիսուրայի մեկ այլ վարպետ՝ Հենրիկ Մալյանը, այսպես պիտի բնութագրեր բոլոր հմայքներով շռայլորեն օժտված իր գործընկերոջը. «Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է Ֆրունզե Դովլաթյանը, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով…»:

Նա կարող էր անել ավելին, ինչ հասցրեց: Կարող էր, եթե ժամանակները զերծ լինեին գաղափարական կապանքներից ու զսպաշապիկներից: Եթե կաղապարված չլինեին արվեստագետների արարումները, եթե չմկրատվեին նկարահանված շատ տեսարաններ եւ կապանքված չլիներ ազատամտությունը: Այդուհանդերձ, նա կշարունակեր իր հունձքը հայ կինոարվեստում, եթե յոթ տասնամյակը բոլորած հասակում կարողանար շրջանցել մահվան ուրվականը: «Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործական ուժերով, սակայն ստիպված եմ հիշողություններով ապրել…»,-ասելու էր հիվանդանոցում տված թերեւս վերջին հարցազրույցում: Երանի ապրեր, ապրեր թեկուզ հիշողություններով: Բայց չապրեց՝ վարագույրն իջավ 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ նշյալ զրույցից կարճ ժամանակ անց: Փակվեց հայ կինոարվեստում նրա բացած լուսեղեն էջը, որը ոսկետառված էր՝ ԴՈՎԼԱԹՅԱՆԱԿԱՆ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


© 2009 ARMENPRESS.am