Ընդդիմությունը մայիսի 27-ին հանրահավաք չի անցկացնի, սակայն կշարունակի անհնազանդության ակցիաները

21:31, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժումը մայիսի 27-ին կշարունակի անհնազանդության ակցիաները Երևանում, ակցիաներ կիրականացվեն նաև մարզերում, սակայն հանրահավաք նախատեսված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ:

«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 26-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից  երթով շարժվեցին և հավաքվեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, որտեղ էին նաև զոհված զինծառայողների ծնողները:

Ընդդիմությունը նախատեսել էր նաև նախագահի նստավայրի դիմաց հավաքվել, որտեղ ՀՀ նախագահը հանդիպելու էր Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ: Սակայն, ընդդիմադիրները տեղեկացել էին, որ մայիսի 26-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել է, այսպիսով՝ անիմաստ էին համարել այնտեղ հավաքվելը: Օրվա ընթացքում Ֆրանսիայի հրապարակից ասուլիսով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը, որից հետո շարժումը երթ սկսեց, ընդդիմադիրները հավաքվեցին կառավարության շենքի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀ վարչապետի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը: Այնուհետև շարժումը երթով կրկին վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ անցկացվեց նախատեսված հանրահավաքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դժգոհեց գործող իշխանության կառավարման ժամանակաշրջանից՝ անդրադառնալով սոցիալական խնդրիրներին, ըստ նրա՝ ոլորտում որևէ բարեփոխում չի իրականացվել: Նա տեսակետ հայտնեց նաև, թե իշխանությունը անընդհատ ավելացնում է հարկային բեռը՝ բիզնեսի համար:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ նիստը, որը պահանջել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, օրենքի ուժով այսօր՝ մայիսի 26-ին նշանակվել է: Այն տեղի է ունենալու հունիսի 3-ին: Սաղաթելյանը հիշեցրեց, որ օրակարգում ընդգրկված հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագծի տեքստը Ֆրանսիայի հրապարակից ներկայացրել է: Ըստ նրա՝ դա վերջնական ջրբաժանի օրն է:

Նա հայտնեց, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները: «Վաղը անհնազանդության ակցիաներ լինելու են նաև հանրապետության մարզերում: Վաղը հանրահավաք չենք ունենալու: Մեզ համար լինելու է աշխատանքային օր»,-ասաց Սաղաթելյանը:

Իսկ մայիսի 28-ին ժամը 18:00-ին ընդդիմությունը հրավիրում է համապետական հանրահավաք: Մայիսի 28-ին՝ մինչև հանրահավաքը, ժամը 16:00-ին Սարդարապատից նախատեսում են մեծ ավտոերթ դեպի Երևանի Ֆրանսիայի հրապարակ: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Սաղաթելյանի խոսքով՝ մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու նաև Ստեփանակերտում: Նա նշեց՝ մայիսի 28-ը խորհրդանշական օր է, հորդորեց քաղաքացիներին դուրս գալ փողոց:

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am