Հայրավանքի եկեղեցու տարածքում նշվեց Համբարձման տոնը

19:18, 26 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի համայնքապետարանի եւ Հայ Առաքելական  եկեղեցու Գեղարքունյաց թեմի համագործակցությամբ Հայրավանքի եկեղեցու տարածքում կազմակերպվեց  Համբարձման տոնին նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Համբարձման Պատարագին եւ տոնակատարությանը  մասնակցել են Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, դպրոցականներ, Հայրավանք գյուղի բնակիչներ։ Հայրավանքում մատուցվեց  Համբարձման Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Նորատուսի հոգեւոր հովիվ Տեր Սիմեոն Քահանա Հովհաննիսյանի։ Այնուհետ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացրին Համբարձման տոնի պատմությունը եւ խորհուրդը։ Գեղարվեստական կատարումներով հանդես եկան  Նորատուսի եւ Գավառի արվեստի դպրոցների պարային համույթները։ Անցկացվեց վիճակի արարողություն։ «Մեր հիմնական նպատակն այն է, որ կարողանանք խորացնել համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ, ուշադրություն սեւեռենք մեր ավանդական տոների պահպանմանն ու տարածմանը եւ նպաստենք կրթամշակութային կյանքի ակտիվացմանը։ Կարծում եմ, որ մեր միջոցառումը հաջողված էր դիտարկման այս շրջանակի մեջ, թվարկված բոլոր ուղղություններում  այն բովանդակալից ստացվեց»,-նշեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Խոսրով  Խլղաթյան  

 


© 2009 ARMENPRESS.am