Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի ԲԿ-ին

18:30, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ժամանակակից ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի բժշկական կենտրոնին՝ ռադիոլոգիայի կաբինետում օգտագործելու համար՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀԿ հայաստանյան գրասենյակից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայրաքաղաք Երևանում և մարզերում ռենտգեն սարքավորումներ է ստացել ևս 6 հիվանդանոց։ Ռենտգենյան նոր սարքերը հեշտացնում են հիվանդների բուժման ընթացքի մշտադիտարկումը եւ բարելավում կլինիկական ախտորոշումների իրականացումը։ Ժամանակակից այս ռենտգեն սարքերն անգնահատելի են հատկապես այն հիվանդանոցների համար, որոնք օրական ընդունում են հարյուրավոր հիվանդներ: Թվային ռենտգեն սարքերն ապահովում են ավելի որակյալ պատկեր, ինչը թույլ է տալիս կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։

Ըստ աղբյուրի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանն այցելել են Գորիսի բժշկական կենտրոն` հանձնելու ռենտգեն սարքավորումը:

«Կարևոր է աջակցել մարզերում առողջապահական համակարգին. ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ շարունակելու պայքարը վիրուսի դեմ և բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում մշտապես ու անգնահատելի աջակցության համար: Այժմ էլ «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում, ԵՄ ֆինանսավորմամբ և ԱՀԿ աջակցությամբ Գորիսի բժշկական կենտրոնին նվիրաբերվել է ռենտգեն սարք, որը հնարավորություն կտա անհրաժեշտ հետազոտությունները կատարել ժամանակակից սարքով` տրամադրելով ավելի որակյալ բուժօգնություն մեր հայրենակիցներին»,- ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը ԱՀԿ-ից ստացել է 1 էլեկտրասրտագրման սարք և 3 թթվածնի կոնցենտրատոր, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ով առաջացած ծանր հիվանդությունից։

Հյուրերը նաև այցելեցին Գորիսի պոլիկլինիկայում իրականացվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավը և զրուցեցին բուժաշխատողների հետ՝ լսելու նրանց փորձառության և պատվաստանյութի կիրառման հետ կապված մարտահրավերների մասին: «Պատվաստումը հոգատարություն է» արշավը, որն իրականացվում է Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանն և պատվաստմանն ուղղված Եվրոպական միության/ԱՀԿ-ի համատեղ ծրագրի շրջանակում և Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, նպատակ ունի բնակչության համար ավելի մատչելի դարձնել COVID-19-ի դեմ պատվաստումը։ 65-ից բարձր տարիքիանձինք, ովքեր բնակվում են Հայաստանի մարզերում, կարող են պատվաստվել շարժական պատվաստումների խմբերի օգնությամբ, ովքեր այցելում են պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ և համայնքային կենտրոններ: Բացի COVID-19-ի պատվաստումից, տարեց բնակչությունը հնարավորություն ունի օգտվելու այլ կարևոր առողջապահական ծառայություններից, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ԱՀԿ-ն շարունակում է աջակցել երկրին հզորացնել առողջապահական համակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզերին, իրականացնելով բուժանձնակազմի համար վերապատրաստման դասընթացներ, տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչն ավելի հասանելի է դարձնում բժշկական ծառայությունները բնակչության համար: «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում Սյունիքի մարզի բնակչությունը հնարավորություն ունի ստանալ COVID-19-ի դեմ պատվաստում իրենց իսկ բժշկական կենտրոններում»,-  հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանը։

Նշվում է, որ «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնությունը Եվրոպական միության և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից համատեղ իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: Ծրագրի նպատակն է օգնել կանխել, հայտնաբերել և արձագանքել COVID-19 համավարակին և ամրապնդել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների կարողությունները՝ ուղղված առողջապահական արտակարգ իրավիճակների արձագանքմանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am