Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը. ՊՆ

13:57, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:      

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:


© 2009 ARMENPRESS.am