Ցրտահարությունից վնասվել են պտղատու ծառեր եւ բանջարաբոստանային մշակաբույսեր

13:05, 26 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի մայիսի 20-21-ին եւ 24-25-ին գրանցված տեղումների եւ ցրտահարության հետևանքով վնասվել են կորիզավոր պտղատու ծառեր եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, առավել եւ մասսայաբար  վնասվել են ընկուզենիները, մասամբ՝ ծիրանի, դեղձի, կեռասի, բալի ծառերը, որոնք գտնվում էին ծաղկման կամ պտղակալման փուլում։ Ցրտահարվել են նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կաղամբի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի նորատունկ սածիլները, լոբու ցանքերը։ «Եթե բանջարաբոստանային մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր է վերականգնել նոր ցանքի կամ վերատնկման միջոցով, ապա պտղատու ծառերին հասցված վնասն անդառնալի է, պտղավիժումը՝ գրեթե անխուսափելի։ Համայնքներում վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-ասաց Մարտին Պետրոսյանը։

Հավելենք, որ մայիսի 20-21-ին Գեղարքունիքում ձյան տեղումներ գրանցվեցին բնակավայրերում, իսկ մայիսի 24-25-ին՝ բարձրադիր գոտիներում։

Խոսրով Խլղաթյան 


© 2009 ARMENPRESS.am