Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան

18:21, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, ճգնաժամերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հիշեցրեց, որ հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով, ինչը համարեց բավականին գոհացուցիչ՝ հատկապես ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված ավելի վատ կանխատեսումների ֆոնին: Նա հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է պատրաստվում իրականացնել այդ տեմպը պահելու համար:

Ըստ վարչապետի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակի բանաձևերով վերածվում է տնտեսական աճի: Բայց այս փուլում ամփոփված է առաջին եռամսյակի տնտեսական աճը: «Եվ մենք ունենք 8.6 տոկոս իրական տնտեսական աճ: Սա գալիս է ի ցույց դնելու Հայաստանի տնտեսական դիմակայունությունը: Ապրիլին մենք գրանցել ենք երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում գրանցված և աշխատավարձ ստացող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Ապրիլի արդյունքներով, Հայաստանում գրանցված և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թիվն ավելի քան 120 հազարով ավել է, քան 2018 թվականին: Առաջին 4 ամիսների տվյալներով, այս տարի նախորդ տարվանից մոտ 570 մլրդ դրամի ավել առևտրաշրջանառություն է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին՝ այս տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովվի, ինչի համար շատ մեծ ջանք է պահանջվում: Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանության խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և այդ նպատակին հնարավոր կլինի հասնել:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ չնայած հոռետեսությանը՝ տնտեսությունն այսպիսի դիմակայություն է ցուցադրում՝ վարչապետն ասաց. «Դա նրանից է, որ կոռուպցիոն համակարգ չկա, որ տնտեսությունից այդ փողերը քաշի և տանի ինչ-որ դարակներում, օֆշորային հաշիվներում լցնի: Սա շատ կարևոր հանգամանք է: Բիզնեսն այսօր գիտի, որ ուրիշի հետ հարաբերություն չունի, իր հարաբերությունն իր հետ է, մրցակցային դաշտի հետ է, իր հարկային պարտավորությունների և օրենքի հետ է: Եվ սա առաջին հերթին կապում են սրա հետ, նաև կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ»:


© 2009 ARMENPRESS.am