Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

17:35, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին:

Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների ոլորտներում:

Խոսե Անխել Պորտալ Միրանդան Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Կուբա: ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին հրավիրել է Կուբայի հանրային առողջության նախարարին` մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Երևանում կայանալիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am