Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության ճնշումն ապահովելն է, որ գերիներն օր առաջ վերադառնան. Փաշինյան

17:18, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում պահվող ռազմագերիների, այլ պահվող անձանց հայրենիք վերադարձի ամենաարդյունավետ ձև է համարում միջազգային հանրության աջակցությունը, ճնշումն ապահովելը. Հայաստանը փորձում է մաքսիմալ ջանք գործադրել, որ այդ խնդիրն օր առաջ լուծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սոնա Ղազարյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում միջազգային միջնորդությամբ՝ գերիներին և  այլ պահվող անձանց վերադարձնելու համար:

Փաշինյանն ընդգծեց, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել: «Եվ ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցները օր առաջ պետք է վերադարձվեն, և մեր դիրքորոշումը նաև այդ է, և փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանը անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների  հետ կապել հայ գերիների, պատանդերի և այլ պահվող անձանց վերադարձը: «Բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Եվ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն: Այդ իմաստով որևէ նոր բան տեղի չի ունեցել: Եվ, ցավոք սրտի, մենք մինչև այդ պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Եվ մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք: Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Սակայն հայկական կողմի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարցեր են: «Եվ հումանիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ և նշանակություն ունեն, և ընդհակառակը, երբ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, հարցի նշանակությունը կնվազեցնենք»,-ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am