Գեղարքունիքի մարզում կատարվել է 18 հազար հեկտար գարնանացան

17:07, 25 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 18 հազար հեկտար գարնանացան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, շուրջ 9 հազար հեկտար կազմում են գարնանացան գարու, 6300 հեկտար՝ կարտոֆիլի, 400 հեկտար՝ հատիկընդեղենի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի, 900 հեկտար՝ գարնանացան ցորենի, , 200 հեկտար՝ այլ հացաբույսերի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը։

«Աշնանացան ցորենի ցանքերը, որոնք կազմում են 9367 հեկտար, հիմնականում հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանի աշխատանքներին չափազանց խանգարում է տեղումնառատ, անկայուն  եղանակը, այդ պատճառով էլ շատ տնտեսություններում ձգձգվում է ցանքը։ Տեղումների դադարից ու եղանակների տաքանալուց հետո գարնանացանը կընթանա ավելի արագ տեմպերով։ Այն կշարունակվի նաեւ հունիսի ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am