ՀՀ-ում Ռուսաստանի  դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

13:30, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիքի մարզ։

ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։

Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, հանդիպել ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Սյունիքի Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակչության անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։


© 2009 ARMENPRESS.am