Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելը կարող է արգելվել

10:40, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ լիզինգի պայմանագրում կարող է նախատեսվել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու արգելք կամ իրավունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

«Նախատեսվում է  լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համապատասխանաբար Պետական  սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից»,-ասաց Մինասյանը:

Գործող իրավանորմերը չեն կարգավորում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում լիզինգառուն կարող է ցանկացած պահի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

Մինասյանը տեղեկացրեց, որ լիզինգային ընկերություններից մեկը ներկայացրել է, որ վերջին 1 տարվա ընթացքում կնքել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր, արդյունքում 14 տրանսպորտային միջոց հատել է ՀՀ պետական սահմանը, դրանով ռիսկի տակ է դրվել լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հետ կապված վերադարձելիությունը:

Նախագծով նախատեսվում է, որ լիզինգառուն հնարավորություն չի ունենա լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով հատել պետական սահմանը, եթե կնքված պայմանագրով նախատեսվում է նման արգելք:

 


© 2009 ARMENPRESS.am