Տեղի ունեցավ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը

21:59, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և նիդերլանդացի ժողովուրդների առնչությունները գալիս են դեռևս 4-րդ դարից, բայց էլ ավելի հին են նիդերլանդական այն տասնյակ քարտեզները, որտեղ պատկերված է Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում՝ հնագույն դարերից մինչև ուշ միջնադար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ շատ արժեքավոր մի աշխատության՝ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը, որով հերթական անգամ նշանավորվում է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

[gallery id= 65854]

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ գիրքը շատ մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության և հայ-հոլանդական հարաբերությունների արժևորման համար:

«Պիտի նշեմ, որ հետաքրքիր մի հետազոտություն է կատարվել և շատ արդիական մի ուսումնասիրություն է դրվել սեղանին, որտեղ հիսունից ավելի քարտեզներ են վերարտադրվել, որտեղ ներկայացված է Հայաստանը նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մենք չենք ունեցել անկախ պետականություն: Սա շատ կարևոր ցուցիչ է այն հարաբերությունների, որ դարեր շարունակ Հայաստանը, հայ ժողովուրդը բարեկամական հարաբերություններ է ունեցել Նիդերլանդների հետ», - նշեց թանգարանի տնօրենը:

Գրքի հրատարակումը նախաձեռնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ:

Դեսպան Բալայանի խոսքով՝ գաղափարը հավաքագրելու, կազմելու և միջազգային հանրությանը ներկայացնելու հոլանդական բոլոր այն հին քարտեզների ժողովածուն, որտեղ պատկերված է Հայաստանը, ծագել է մոտ մեկուկես-երկու տարի առաջ, բայց գիրքը կազմելու գործնական աշխատանքները սկսվել են մոտ 6-7 ամիս առաջ: Եվ քանի որ մոտենում էր հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, և Հայաստանի դեսպանության աշխատակիցների ձեռքի տակ պարբերաբար հայտնվում էին տարբեր հին քարտեզներ, որտեղ նշվում էր նաև Հայաստանը, առաջ է եկել այդ միտքը գտնելու բոլոր նմանատիպ քարտեզները և կազմելու մի առանձին հավաքածու:

«Պարբերաբար մեր ձեռքի տակ էին հայտնվում հին հոլանդական միջնադարյան քարտեզներ, որտեղ Հայաստանը պատկերված էր: Բայց ամենամեծ խթանը հանդիսացավ այն, որ Ամստերդամի գրախանութի կողքով անցնելիս՝ տեսա KLM ավիաուղիների առաջին քարտեզը, որտեղ պատկերված էր Հայաստանը: Սկսեցի փնտրել, թե որտեղից կարելի է գտնել քարտեզների միասնական ժողովածու, որտեղ Հայաստանը պատկերված է, և Ամստերդամի համալսարանի արխիվներում գտնվեց քարտեզների այդպիսի ժողովածու: Դա շատ հայտնի, խոշոր հավաքածու է, և համալսարանի գիտաշխատողները մեզ շատ օգնեցին՝ մոտ երեք հազար քարտեզից ընտրեցին մեր տարածաշրջանի քարտեզները, որտեղ Հայաստանը պատկերված էր, և արդեն սկսեցինք աշխատել», - պատմեց դեսպան Բալայանը:

«Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, որը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերոջը կարևոր նախաձեռնության համար:

«Իսկապես շատ հպարտ եմ, որ Դուք նախաձեռնեցիք այս գրքի հրատարակումը: Ես նաև հույս ունեմ, որ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին», - դիմելով դեսպան Բալայանին՝ նշեց դեսպան Սխերմերսը:

Իրենց ելույթներում բանախոսները տարբեր փաստերով հաստատում էին, որ Հայաստանն ու Նիդերլանդները իսկապես հարաբերությունների երկար պատմություն ունեն: Լույս տեսած նոր գրքում նշված են այդ շարքին պատկանող շատ ու շատ ուշագրավ փաստեր, օրինակ այն որ առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Հայոց լեզվով աշխարհի առաջին քարտեզը նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին:

Դեսպան Տիգրան Բալայանը նաև հաղորդեց, որ այս տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին, մասնավորապես՝ նիդերլանդական դասական գրականության թարգմանությունը և Վան Գոգի նամակների թարգմանությունը:

Գրքում ներկայացված են շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական հնագույն քարտեզներ, որոնցում նշվում է Հայաստանը, ինչպես նաև 1695 թ. Ամստերդամում հրատարակված հայերեն առաջին քարտեզը (հեղինակ` Թովմաս Վանանդեցի)։ Յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը, այդ թվում` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Նիդերլանդական քարտեզների ժողովածուն անգլերեն լեզվով է։ Դեսպան Բալայանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ հայերեն հրատարակություն նախատեսված չէ, քանի որ գիրքը հիմնականում օտարերկրյա ընթերցողի համար է նախատեսված։ Գրքի նախաբանում ողջույնի խոսքով են հանդես եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։ 

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին:

 

Արամ Սարգսյան


© 2009 ARMENPRESS.am