ՀՀ ՄԻՊ-ը և Վրաստանի հանրային պաշտպանը նախանշել են համագործակցության նոր ուղղություններ

18:26, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան  շնորհավորել է Քրիստիննե  Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ։

Նշվում է, որ Քրիստիննե Գրիգորյանն ու Նինո Լոմջարիան պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա շփումների ու փոխայցելությունների վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am