Հույս ունենք տեսնել հստակ քայլեր. Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին

15:53, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար:

«Ողջունում ենք  Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք տեսնել հստակ քայլեր, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Բրյուսելում։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարություն էր տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 


© 2009 ARMENPRESS.am