Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը

14:40, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի թանգարանում մայիսի 25-ին ժամը 18:00-ին տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը:

Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:

Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու նրա ստեղծագործական ոգին:

2018 թվականին հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի վեց թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ:

Մուտքն ազատ է:


© 2009 ARMENPRESS.am