Փրկարարները շարունակում են Սեւանա լճում անհետացած ձկնորսի որոնումները

12:30, 24 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի փրկարարները մայիսի 24-ի վաղ առավոտից շարունակում են որոնողական աշխատանքները Սեւանա լճում՝ այս տարվա մայիսի 6-ից անհետացած ձկնորս, 2001 թվականին ծնված, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ  Իշխան Աբրոյանին հայտնաբերելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գարիկ Հակոբյանը, մայիսի 23-ին հայտնաբերվել է մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած երկու ձկնորսներից մեկի՝ 1969 թվականին ծնված Ավետիք Սեւոյանի դին։

«Այսօր որոնողական աշխատանքների են դուրս եկել ջրափրկարարները, հրշեջները, մասնագիտացված մյուս կառույցները՝ շուրջ 20 հոգի։ Որոնողական աշխատանքներն ընթանում են ինչպես լճում, այնպես էլ՝ լճափի հատվածներում։ Հուսանք, որ փրկարարներին կհաջողվի գտնել նաեւ անհետացած Իշխան Աբրոյանի մարմինը։ Որոնումները շարունակվում են արդեն 18 օր»,- նշեց Գարիկ Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am