Հայաստանում Քովիդի դեմ ամբողջական պատվաստվածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․նախարար

17:11, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Անահիտ Ավանեսյանը հորդորել է չկորցնել զգոնությունը. շարունակել պատվաստումային գործընթացը: «Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,-գրել է նա։

 


© 2009 ARMENPRESS.am