ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով

14:22, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:

Ստեղծագործական, հասարակական, մանկավարժական ակտիվ գործունեությամբ Դուք տասնամյակներ շարունակ վայելում եք երաժշտական հանրության սերն ու հարգանքը:

Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից իրականացվող ծրագրերը նոր խթան են մեր մշակութային կյանքի համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:


© 2009 ARMENPRESS.am